«Դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան և դառը օրերի մասին». Կարապետյան

Կարեն Կարապետյանի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը չէր եկել բանակցելու, նա չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը ցանկանում է լուծում գտնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է հնչող կարծիքներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանի և «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից մարտի 1-ի դեպքերի մասին հիշեցնելն այդ դեպքերի կրկնության սպառնալիք էր:

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի երեք րոպե տևած «երկխոսության» հետևանքները. տեսանյութ

«Դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան և դառը օրերի մասին։ Ես վստահ եմ, որ դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն»,- նշեց Կարապետյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներին՝ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ բոլորը, այդ թվում՝ ինքն ակնկալում էին, որ այդ հանդիպումը կտա որոշակի արդյունքներ, որոշակի ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալու: «Բանակցությունը, կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր եկել բանակցելու, նա չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը ցանկանում է լուծում գտնել: