Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ. տեսանյութ

Արցախի ՊՆ նշում է, որ այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլ ի— Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ  առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին ԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆ գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Հաղթողներ, պարտվողներ չեն կարող լինել, հասարակության, պետության շահերը վեր են. ՀՅԴ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության»: