ՄԻՊ-ը ոստիկաններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, ցուցարարներին` պահպանել օրենքը

ՄԻՊ-ը հիշեցնում է` հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս հայտարարություն է արել` նշելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների:

«Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»,- ասված է հայտարարության մեջ:

Հարուցվել են քրեական գործեր` պետական, համայնքային գույքը վնասելու հատկանիշներով

Ուստի Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ու այլ իրավասու պետական մարմիններից խստորեն պահանջում է նկատի ունենալ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի հավաքների ազատության իրավունքի իրականացման օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը:

Մյուս կողմից, ՄԻՊ-ը հավաքի մասնակիցներին կոչ է անում պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը և օրենքով նախատեսված այլ պահանջները: Միայն խաղաղ բնույթի, օրենքին համապատասխան իրականացվող հավաքներն են պաշտպանված այս իրավունքով։

Ըստ հայտարարության` հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով, հետապնդում են իրավաչափ նպատակ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։