Ոստիկանության որոշմանը չենթարկվելու մասին կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն

Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է հրապարակել իր կայքում, որի մեջ նշված է, որ  Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա wստիկանությունը իրավունք ունի ցրելու այն:  

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում ` հաշվի առնելով, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ

1. Եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Ինչու են Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հեռացվել հավաքի վայրից

2. Անկախ նրանից, թե հավաքն իրականացվում է իրազեկմամբ, կամ առանց իրազեկման, ինչպես նաև անկախ հավաքի խաղաղ բնույթից, եթե հավաքի անցկացումը անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը (օրինակ` ճանապարհների տևական արգելափակումը, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքի ու ելքի սահմանափակումը, ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկը, հավաքի անցկացումը Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից այնպիսի հեռավորության վրա, որ սպառնում է դրանց բնականոն գործունեությանը և այլն) ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։

Արդարադատության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն: