Ինչու են ձերբակալել Դավիթ Սանասարյանին ու Գևորգ Մանուկյանին

Նրանք ձերբակալվել են Երևանում անօրինական հավաքներ կազմակերպելու և ղեկավարելու մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Ապրիլ — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել ևս երկու անձի ձերբակալության մասին: Մեկը «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն է:

Ոստիկանները հսկում են Հանրապետության հրապարակը, ցուցարարները երթեր են իրականացնում

ՀՔԾ-ն փոխանցում է, որ Սանասարյանը 2018-ի ապրիլի 13-ից Երևանում կազմակերպել և ղեկավարել է անօրինական հավաքներ, հավաքի մասնակիցներին ուղղորդել է և նրանց հետ ապօրինի մուտք է գործել Երևանի պետական համալսարանի, Հանրային ռադիոյի և Երևանի հենակետային բժշկական քոլեջի շենքեր:

Երկրորդ ձերբակալվածը Գևորգ Մանուկյանն է, որը նույնպես ձերբակալվել է անօրինական հավաքներ կազմակերպելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ից «Իմ քայլը» նախաձեռնությունը «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում իրականացնում են անհնազանդության ակցիաներ` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։