«Մարտիրոսյանը կռվելու է իսկական հայի պես». Դոն Քինգ

Բռնցքամարտի աշխարհի ամենահայտնի կերպարներից մեկը` փրոմոութեր Դոն Քինգը, մեկնաբանել է Վանես Մարտիրոսյանի և ղազախ Գենադի Գոլովկինի առաջիկա մենամարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինն ու ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը տպավորիչ մենամարտ կունենան։ Այս մասին լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը հայտնել է BoxingScene-ին։

Ականավոր բռնցքամարտիկների «հայրը» համոզված է, որ մենամարտի ժամանակ տղաները հանդիսատեսին չեն ձանձրացնի։

«Հիանալի մենամարտ է լինելու։ Բնավորությունների իսկական պայքար։ Գոլովկինը 4 գոտի ունեցող հիանալի մարտիկ է, որին արդարացիորեն լավագույնն են համարում։ Սակայն Վանեսը խիզախ սիրտ ունի և մեծ կամքի ուժ, նա մարտնչելու է իսկական հայի նման», — նշել է Քինգը։

Ամերիկացի բռնցքամարտիկի «կնքահայրը» համոզված է նաև, որ բռնցքամարտիկները կցուցադրեն թեժ պայքար-սադրանք։

Боксер Ванес Мартиросян

«Դուք չեք կարողանա զուգարան գնալ, այնպես որ զինվեք ադիբուդիով և նստեք դիտելու այդ գործողությունները։ Գերմարտ է լինելու, և ես անհամբեր սպասում եմ դրան։ Վանեսի հաղթելու ցանկությունն ու կամքը իսկապես դժոխային են դարձնելու մենամարտը։ Եվ ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի այդ ամենը», — կարծում է Քինգը։

Դոն Քինգը հայտնի է որպես ամերիկյան բռնցքամարտի «կնքահայր»։ Նույնիսկ սպորտով չհետաքրքրվող մարդիկ ճանաչում են Քինգին նրա արտասովոր սանրվածքի և վառ անհատականության համար։ Դոն Քինգը մի շարք ականավոր բռնցքամարտիկների փրոմոութերն է, նրա ձեռքի տակով են անցել Լենոքս Լյուիսը, Լարի Հոլմսը և Էվանդեր Հոլիֆիլդը։

31-ամյա ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 40 մենամարտ է անցկացրել` 36 հաղթանակով, 3 պարտությամբ, մեկ մենամարտ էլ ոչ-ոքի է ավարտվել։ Գոլովկինը 37 հաղթանակ է տարել, որոնցից 33-ը` նոկաուտով, մեկն էլ` ոչ-ոքի հաշվով։