Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց. հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ

Հայաստանի վարչապետն ու «Ելք» խմբակցության ղեկավարը հանդիպելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպելու են վաղը, ժամը 10։00-ին։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

«Մենք ստացանք հաստատում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է բանակցությունների։ Հանդիպումը կկայանա «Մարիոթ» հյուրանոցում»,- ասաց նա։

Փաշինյանը հայտնեց, որ այդ հանդիպումով պայմանավորված` վաղվա հավաքը, որը նախատեսված է Էրեբունի վարչական շրջանում, կմեկնարկի 12։00-12։30-ի սահմանում։

Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ավելի ուշ Փաշինյանը ներկայացրեց զրույցի մանրամասները։

Անհնազանդ Երևանը կամ քաղաքացիական անհնազանդության 6-րդ օրը լուսանկարներով

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ իրեն մտահոգել է ստեղծված իրավիճակը, և նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշինյանն ընդունել էր նախագահի հետ հանդիպելու առաջարկը` նշելով, որ ժամը 19։00-ին նրան կսպասի Հանրապետության հրապարակում։

Ճիշտ 19։00-ին Արմեն Սարգսյանը հրապարակում էր։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։