Նիկոլ Փաշինյանը պատմեց Հայաստանի նախագահի հետ զրույցի մանրամասները

Փաշինյանը հայտնեց` որտեղ և ինչ պլանով է մասնակցելու բանակցությունների ու ինչ պայմաններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ներկայացրեց այսօր Հանրապետության հրապարակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած առանձնազրույցի մանրամասները։

«Արմեն Սարգսյանն ինձ ասաց, որ մտահոգված է իրավիճակով։ Ես ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված Հայաստանի իրավիճակով, ու մարդիկ նույնիսկ գիտեն լուծումը։ Դա Սերժ Սարգսյանի հեռացումն է։ Արմեն Սարգսյանն ասաց` հիմա ի՞նչ, քննարկելու կարիք չկա՞։ Ասացի` երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշումը, որ մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները։ Ես այսօր ասացի` այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ պատրաստ ենք բանակցել»,- ասաց Փաշինյանը։

Օրվա կադր. Փաշինյանի ու Սարգսյանի առանց փողկապի հանդիպումը

ՀՀ նախագահը նաև հետաքրքրվել է, թե ինչ ձևաչափով ու որտեղ կկայանան բանակցությունները։

«Ես ասացի` քանի որ դուք քաղաքական կոնֆլիկտի մաս չեք, ես ձեզ հրավիրեցի Հանրապետության հրապարակ, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրապարակ հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ այստեղ կկարողանամ նրա ներկայությամբ իրավիճակը կառավարելի պահել»,- հայտնեց Փաշինյանը` հավելելով, որ հրաժարվել է բանակցելու համար գնալ կառավարական որևէ շենք և առաջարկել է բանակցել որևէ չեզոք վայրում, օրինակ` «Մարիոթ Արմենիա» կամ որևէ այլ հյուրանոցում։

«Ես շատ հստակ արձանագրեցի, որ մեր բանակցային միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունը խաղաղ ու անցնցում փոխանցելու օրակարգը։ Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»,- շեշտեց Փաշինյանը։

Հայաստանի նախագահը եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

Նա հայտնեց նաև, որ Արմեն Սարգսյանին խոստացել է ուժ չկիրառել` նույն երաշխիքը պահանջելով նաև իշխանություններից ու ներկայացնելով հավաքների ազատության մասին օրենքի` ինքնաբուխ ու շտապ հավաքներին վերաբերող դրույթների պահանջները։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նաև իշխանության անցնցում փոխանցման ծրագիրը, որն արդեն իսկ հրապարակել էր երեկ հանրահավաքի ընթացքում, ապա հավելեց. «Այս պլանը միակը չէ, կա նաև պալն-Բ, պլան-Գ, որպեսզի բանակցություններում մանևրելու հնարավորություն ունենանք»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի հրապարակած ծրագրի համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից, Ազգային ժողովը վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, նախնական պայմանավորվածությամբ` ԱԺ-ն չընդունի կառավարության ծրագիրը, ինչից հետո, ՀՀ Սահմանադրության պահանջով, անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Ծրագիրը ներկայացնելուց հետո Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց արտահայտել իրենց կամքը` լիազորո՞ւմ են արդյոք իրեն նրանց անունից մասնակցել բանակցություններին։ Ի պատասխան հրապարակում հավաքվածները վանկարկեցին` այո։