Մոսկվայում փոթորիկ է մոլեգնում. երեխա է մահացել

Ռուսաստանում մոլեգնած փոթորկի հետևանքով զոհեր ու տուժածներ կան։ Մի քանի շրջաններում հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Մոսկվայում փոթորկի հետևանքով տուժածների քանակը, ըստ ճշտված տվյալների, հասել է 12-ի, մի աղջիկ մահացել է, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Twitter-ում։

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր 7 տուժածի մասին։

«Ճշտված տվյալներով` փոթորկի հետևանքով տուժածների թիվն ավելացել է և հասել 12-ի։ Բժիշկներին չի հաջողվել փրկել ծայրահեղ ծանր վիճակում հայտնված աղջկան։ Խորապես ցավակցում եմ նրա ծնողներին», — գրել է նա։

Հարյուրավոր ծառեր են տապալվել։ Քաղաքային ծառայությունները սկսել են վերացնել փոթորկի հետևանքները։ ԶԼՄ-ները հայտնում են, որ երկու դեպք էլ գրանցվել են Մոսկվայի շրջանաձև ավտոճանապարհին։ 62-րդ կիլոմետրում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով երկու տուժած կա, իսկ 64-րդ կիլոմետրում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում տղամարդ է եղել։ Մերձմոսկովյան շրջանում զոհեր կան։ Մայրաքաղաքի սահմանակից Միտիշինսկի շրջանում մարդ է մահացել, նա մնացել է շինարարական վագոնի տակ։

Մոսկվայում եղանակը կտրուկ փոխվել է այսօր. քաղաքում նաև հորդառատ անձրևներ են տեղացել։