Ոստիկանությունը շփոթված է. քաղաքացիներին հաջողվեց փակել Մաշտոցի պողոտան. լուսանկարներ

Մաշտոցի պողոտայում շարժումը դանդաղել է, ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Մաշտոցի պողոտայում կենտրոնացած ոստիկանական ուժերին չի հաջողվում վերականգնել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Ավտոմեքենաները դիտավորյալ շատ դանդաղ են ընթանում, որպեսզի խցանում առաջացնեն, իսկ անցումների մոտ հավաքված երիտասարդները լուսացույցի կանաչ լույսը վառվելուն պես սկսում են մեծ խմբով անցնել փողոցը։ Նրանք ևս շատ դանդաղ են քայլում»,- պատմում է մեր թղթակիցը։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկելով ակտիվիստներին` փորձեցին բացել փողոցը։ Նրանց հաջողվեց ժամանակավորապես վերականգնել երթևեկությունը։ Բայց ցուցարարները դիմեցին խորամանկության` դանդաղեցնելով փողոցում կատարվող անցուդարձը։

Այս պահին, Sputnik Արմենիայի թղթակցի տեղեկություններով, ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Մաշտոցի պողոտայի տարածքում։

1 / 4
Մաշտոցի պողոտա
2 / 4
Մաշտոցի պողոտա
3 / 4
Մաշտոցի պողոտա
4 / 4
Մաշտոցի պողոտա

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։