Ծառուկյանի կուսակցությունն արձագանքեց Երևանում տեղի ունեցող իրադարձություններին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ, հայտարարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է։

Երևանում ծավալված դեպքերի լուծման տարբերակ է առաջարկում ՀՅԴ–ն

ԲՀԿ-ն նշում է, որ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիքի պատճառը երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերն են։

«Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը»,- նշված է հայտարարության մեջ:

ԲՀԿ-ն կոչ է անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել երկխոսություն ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։