ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը ստեղծել է «Հայուհի» կախազարդը և պատրաստվում է նվիրել լուսանկարում պատկերված աղջկան, միայն թե չգիտի` ով է նա։ Արվեստագետը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ աղջկա լուսանկարը տեսել է սոցիալական ցանցում։
«Հենց տեսա նրա լուսանկարը՝ փշալարի դիմաց կանգնած, անմիջապես ծնվեց կախազարդը ստեղծելու գաղափարը: Կախազարդը հենց ի պատիվ այդ աղջկա «Հայուհի» եմ կոչել: Սիրով այդ զարդը կնվիրեմ նրան»,-նշեց Արտակը:
Թադևոսյանն «Իմ քայլը» ակցիային մասնակցած աղջկա ու իր պատրաստած զարդի լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցում և աղջկա բոլոր ծանոթներին խնդրել, որ արձագանքեն։
Ի դեպ, խորհրդանշական է, որ Արտակն իր զարդերը պատրաստում է պարկուճներից ու այլ զինամթերքներից։ Մահվան հետ ասոցացվող զինամթերքը գեղեցիկ կախազարդ, մատանի, թևնոց կամ ապարանջան են դառնում արվեստագետի ձեռքում։