ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Այս մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց իրավունքների կամ հանրության շահերի սահմանափակումը։
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։
Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։