«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը ձերբակալվեց. ՀՔԾ–ն պարզաբանում է` ինչու

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու է ձերբակալվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործով։ Հայտնում է ՀՔԾ-ն` հավելելով, որ Գրիգորյանը ապրիլի 13-ից 16-ը Երևան քաղաքում «դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել և ղեկավարել է հանրային հավաք, այդ թվում՝ երթեր, առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երևանի քաղաքապետարանին»:

Թե ինչպես բերման ենթարկեցին Փաշինյանի համախոհ Արմեն Գրիգորյանին. տեսանյութ

Քրեական գործում նշվում է, որ 13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արմեն Գրիգորյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևանի պետական համալսարան, որտեղ հավաքի մյուս մասնակիցների հետ վնասել են ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել համալսարանի շենք, մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին, խախտել ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, վտանգել է հասարակական անվտանգությունը:

16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գրիգորյանը հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ: Մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան` բռնություն գործադրելով ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության ծառայողներին։

Արմեն Գրիգորյանը բերման էր ենթարկվել այսօր ցերեկը` ժամը 14-ի սահմանում։ Ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Ամիրյան փողոցում գտնվող Segafredo սրճարան և բերման ենթարկել այնտեղ գտնվող Արմեն Գրիգորյանին։