Հայաստանում ահաբեկչություն էր նախապատրաստվում. հայտարարում է ԱԱԾ–ն

ԱԱԾ–ն ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալել է Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ահաբեկչության սպառնալիք է արձանագրել։ Այս մասին ասված է ծառայության պաշտոնական կայքում։

«Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն նշում է, որ դրա նպատակը իրավապահ մարմինների, պաշտոնատար անձանց սպանությունն ու ծանր մարմնական վնասվածքներ պատճառելն է, ինչպես նաև` վախի մթնոլորտ ձևավորելն ու պետական իշխանության մարմինների վրա ճնշում գործադրելը։

Ընդ որում Հ.Բ-ն և Շ.Մ-ն այդ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել այլ անձանց՝ համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու և նյութական կարիքները հոգալու խոստումներով։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 19 խուզարկություն է իրականացվել տարբեր անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։ Հ.Բ-ն և Շ.Մ-ն և նրանց ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։