Ադրբեջանն ավելի քան 2500 կրակոց է արձակել արցախյան դիրքերի ուղղությամբ

Հակառակորդն այս շաբաթվա ընթացքում նաև ձեռքի հակատանկային նռնականետ է կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլ — Sputnik. Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: