Ոստիկանությունը հայտարարում է` քաղաքացիական հագուստով անձինք յուրայիններ են

Ոստիկանությունն ընդգծում է, որ իր գործողությունների ընթացքում կարող է օգտագործել նաև այլ ուժեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ի՞նչ են անում ցուցարարները Երևանում և մարզերում. օր 5-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

«Հայտարարում ենք, որ քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ վերջին օրերին հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Ոստիկանությունը պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների: