Անկարան Ցեղասպանության զոհերի հետնորդներին անձնագրեր է պարտք. Կարո Փայլան

Հայ պատգամավորը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն փողոցներն ու հասարակական վայրերը հանցագործերի ու դահիճների անուններով կոչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հետնորդներին Թուրքիայի քաղաքացիություն տալ։ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը հայտնում է, որ Փայլանը խորհրդարանում որոշման համապատասխան նախագիծ է ներկայացրել։

«Հիշատակի Լապտերները» Ժնև այցելողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ

«Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերը 103 տարի է պայքարում են արդարությունը վերականգնելու համար: Այն վայրը, որտեղ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանությունը, հենց Թուրքիայի խորհրդարանն է. երբ դա արվի՝ Հայոց ցեղասպանությունը կդադարի դառնալ այլ երկրների խորհրդարանների թեման»,- նշել է Փայլանը:

Հայ պատգամավորը կարծում է, որ իշխանությունները պետք է ճանաչեն Ցեղասպանությունն ու քաղաքացիություն շնորհեն Ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին: Նաև պետք է դադարեցնեն Թուրքիայի փողոցներն ու հասարակական վայրերը կոչել հանցագործների ու դահիճների անուններով։

Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ 1908-1915 թվականներին 6 հայ պատգամավոր է սպանվել` Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան։ Նրանց անունները կարդալով` Փայլանը հայերենով ասաց «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։