ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տեղադրվել թիմի պաշտոնական կայքում:
«Որոշ ժամանակ ես մտածում էի իմ հեռանալու մասին` հաշվի առնելով իրավիճակը թիմում: Զգում եմ, որ հիմա իսկական ժամանակն է հեռանալու համար: Ես շնորհակալ եմ ակումբին այսքան երկար տարիներ ինձ աշխատելու հնարավորություն տալու համար»,- ասել է Վենգերը:
Մարզչի հեռանալու մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի տարի: «Արսենալի» ելույթներից երկար ժամանակ դժգոհում էին երկրպագուները, եղան նաև դեպքեր, երբ երկրպագուները բոյկոտում էին թիմի խաղերը «Էմիրեյտսում»` պահանջելով Վենգերի հրաժարականը: Բայց ակումբի ղեկավարությունը շարունակումն էր վստահել Արսենին:
Ֆրանսիացին 1996 թվականին «Արսենալը» գլխավորելուց հետո թիմի հետ երեք անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, յոթ անգամ դարձել Անգլիայի գավաթակիր և նվաճել Անգլիայի լիգայի գավաթը: Միևնույն ժամանակ 20 տարի հանդես եկել Չեմպիոնների լիգայում, ինչը ակումբի ռեկորդն է:
«Ես նվիրվել եմ «Արսենալին» անմնացորդ և մինչև վերջ: Շնորհակալ եմ ակումբի բոլոր աշխատակիցներից, ֆուտբոլիստներին, երկրպագուներին: Հենց նրանք են դարձրել «Արսենալը» յուրահատուկ»,-ընդգծել է Արսեն Վենգերը:
Միևնույն ժամանակ ակումբի սեփականատեր Սթեն Կրոնկեն իր երախտագիտությունն է հայտնել մարզչին։
«Արսենն աննկարագրելի հատկանիշներ ունի, և մենք միշտ շնորհակալ ենք լինելու նրան: Ովքեր սիրում են «Արսենալը», պետք է շնորհակալ լինեն նրան այս 22 տարիների համար»,-ասել է նա:
Անգլիական Պրեմիեր լիգայում 2017/18 մրցաշրջանում «Արսենալը» նորից չկարողացավ պայքարել չեմպիոնական տիտղոսի համար և այժմ մրցակցային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը: Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալու համար Արսեն Վենգերի և Հենրիխ Մխիթարյանի թիմը պետք է հաղթի Եվրոպայի լիգայի խաղարկությունում, որում անգլիական թիմը հասել է կիսաեզրափակիչ և մրցելու է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Արդեն բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի համար, այդ թվում Թոմաս Թուխելինը և մի քանի օր առաջ նաև թիմի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրայինը: Թե ով կլինի զինագործների նոր մարզիչը, ցույց կտա ժամանակը: