Հայ ոսկերիչները նվաճում են Ղազախստանը

Հայ վարպետներն ավելացնում են Ղազախստան և Միջին Ասիայի այլ երկրներ արտահանվող ոսկերչական իրերի ծավալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայաստանը կարող է ավելի ամուր հաստատվել Ղազախստանի ոսկերչական շուկայում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը։

Ոսկե ձեռքերով ոսկերիչները. ինչո՞վ են հայտնի Ստամբուլի հայերը

Ապրիլի 5-8-ը Ղազախստանում անցկացվել է«Aru Almaty» տարածաշրջանային ոսկերչական ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը։

Ցուցահանդեսում ստորագրվել են մի քանի նոր պայմանագրեր։ Հայկական տաղավարը հետաքրքրել է միջինասիական մեծածախ գնորդներին։

Ղազախստանցիներն առաջվա պես պատրաստ են ոսկերչական զարդեր գնել նույնիսկ 2015թ-ի տենգեի անկումից և 2014-2015թթ-ին նավթի գների նվազումից հետո։

«Մեր ոսկերիչներն իրենց վարպետությունը կարող են ցուցադրել ցանկացած շուկայում։ Միջին Ասիայի համար նրանք առաջարկում են զարդեր թե՛ ավանդական նախշերով, թե՛ եվրոպական դիզայնով, իսկ տեղի հայերի համար` ազգային նախշերով։ Չկա այնպիսի առաջադրանք, որը չկարողան լուծել վարպետները», — նշեց Գրիգորյանը։

Նշենք, որ Ղազախստանը խոշոր շուկա է հայ ոսկերիչների համար, բայց նրանց ներկայությունը համեմատաբար փոքր է։ 2016թ-ին Ղազախստանը ներկրել է 31 տոննա ոսկերչական արտադրանք, որի միայն 7 կգն է բաժին ընկել Հայաստանին։