Ցուցարարները փակել են պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը

Վիգեն Սարգսյանի ավտոմեքենան արգելափակվել է Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում։ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է միջադեպը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան արգելափակելու մասին։

Դրանում հիշեցվում է, որ պաշտպանության նախարարը` որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի սահմանափակումներն անթույլատրելի են։

Ոստիկանությունը զգուշացնում է` անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով կցրի հավաքը

Հայտարարության մեջ նշվում է, որ «ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը»։

ՊՆ–ը հայտնում է, որ նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել ավտոմեքենայի ճանապարհը։

Նախարարությունը հորդորում է չխոչընդոտել ՀՀ–ի և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների տեղաշարժերը, քանի որ դա կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը։