21–ամյա տղայի կյանքը փրկեցին փրկարարները

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում փրկարարները գազի արտահոսքից խեղդվելուց փրկել են մի երիտասարդի։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/4 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք, ներսում գտնվող բնակիչը չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ շքամուտքի հատակին, անգիտակից վիճակում հայտնաբերել են Մ. Բ.-ին (1997 թ. ծնված): Փրկարարների աջակցությամբ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: