Ինչպես է հայրը խեղդել դստերը. Մասիսում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության մանրամասները

Հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա խեղդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Մասիսում բնակվող հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է 39 տարեկան կնոջ սպանությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ քրեական գործ է հարուցվել, կնոջ հայրը ձերբակալվել է։

Դին հայտնաբերվել է այսօր Մասիս քաղաքի բնակարաններից մեկում։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` կնոջ հայրը, 67 տարեկան է։

Նախնական քննության տվյալներով՝ 1979թ. ծնված կինն ապրել է հոր հետ: Դեպքի օրը՝ ժամը 04-ի սահմաններում, հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա՝ երկու ձեռքերով բռնել դստեր պարանոցից և խեղդել:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: