Երևանյան ցույցերի ժամանակ տուժածներից երեքը դեռ հիվանդանոցում են. ի՞նչ վիճակում են նրանք

Հիվանդանոցներում գտնվող տուժածների մասին հաղորդագրություն է տարածել առողջապահության նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում են հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ի՞նչ են անում ցուցարարները Երևանում և մարզերում. օր 5-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Տուժածներից մեկը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։

Բոլորին հսկում են մասնագետները, նրանք ստանում են անհրաժեշտ բուժում։

Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

«Յուքոմի» աշխատակիցները միացե՞լ են ցուցարարներին. ընկերության մեկնաբանությունը

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։