Կան կուտակված խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն. կաթողիկոսները հանդիպել են նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի— Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ընդգծել են, որ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի և առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում. Արամ Ա

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը:

Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, եւ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը: