Թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան, եկամտահարկը կնվազի. կառավարությունը քննարկում է

Կառավարությունը փորձում է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Ֆինանսների նախարարը չի բացառում, որ եկամտահարկն էլ կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Կառավարությունը 2019-21թթ. միջնաժամկետ ծախսերային ծրագրերի քննարկման ընթացքում փորձում է գտնել թոշակների և աշխատավարձերի բարձրացման գործիքներ: Sputnik Արմենիային ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը հնարավոր է բարձրանան:

Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից

Վարդան Արամյանն, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշել է, որ թոշակների ու նվազագույն աշխատավարձերի խնդիրը միշտ էլ եղել է կառավարության օրակարգում, սակայն 2017 և 2018 թվականների բյուջեներում հնարավոր չի եղել ամրագրել խնդրի լուծումը՝ պայմանավորված նախորդ 2 տարիներին երկրի տնտեսության շոկային վիճակով:

«Եթե մենք 2019թ–ին և դրանից հետո կարողանանք պահպանել տնտեսական աճի այս տեմպերի մակարդակը, կարծես թե մեզ մոտ ծագում են այդ հնարավորությունները, որ համարձակ գնանք այդ քայլերին»,– ասել է Արամյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետն իր խոսքում հենց սա է նկատի ունեցել։

Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ կառավարությունը քննարկում է նաև եկամտահարկի նվազեցման հնարավորությունը։ «Որովհետև ժողովրդի համար կարևոր չէ` դու իր ստացած եկամտի հարցը լուծում ես աշխատավարձը բարձրացնելով, թե եկամտային հարկը նվազեցնելով»,– ասաց Արամյանը։

Եկամտահարկի նվազեցումը, ֆինանսների նախարարի մեկնաբանմամբ, կարող է դրական ազդել նաև գործատուների վրա` նվազեցնելով նաև նրանց ծախսերը։