Հայուհին երկրորդ տեղն է զբաղեցրել Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթում

Երևանցի Անուշ Բաբաջանյանի «Երկվորյակները Կումասիից» շարքը երկրորդ հորիզոնականն է զբաղեցել 320 հազար աշխատանքների շարքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Sony World Photography Awards հեղինակավոր միջազգային մրցույթում։ Այդ մասին լուսանկարիչը հայտնեց Sputnik Արմենիային։

Լուսանկարչական մրցույթին ներկայացրած նրա աշխատանքների շարքում պատկերված են Կոտ դ'Իվուարի փողոցներում նստած երկվորյակները։

Անուշի խոսքով` երկվորյակ երեխաներին նկարելու գաղափարը պատահական է ծնվել։

«Ընկերոջս հետ զբոսնում էի Աբիջանի կենտրոնական փողոցներից մեկում, երբ մենք նկատեցինք երկվորյակ երեխաների։ Երեխաները նստած էին ճանապարհի երկու կողմերում իրենց մայրերի հետ և սպասում էին, որ անցորդներն ինչ-որ բան կտան։ Նրանք շատ գեղեցիկ էին իրենց ազգային հագուստներով, և ես որոշեցի լուսանկարել նրանց», — պատմեց Անուշը։

Ավելի ուշ նա իմացել է, որ Կոտ դ'Իվուարում և Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում շատերը հավատում են, որ երկվորյակները հոգևոր և առեղծվածային ուժ ունեն։ Երբ անհրաժեշտ է լուծել ինչ-որ խնդիր կամ պետք են դրական փոփոխություններ, մարդիկ մոտենում են երկվորյակներին, նվիրատվություն են անում` հույս ունենալով, որ նրանց ուժը կօգնի իրագործել երազանքները։

Снимок The twins of Koumassi армянского фотографа Ануш Бабаджанян из категории Professional competition, Portraiture вошедший в шортлист фотоконкурса 2018 Sony World Photography Awards

«Ինձ շատ հետաքրքրեց ինչ-որ առեղծվածային բանի հետ երկվորյակների կապի մասին այդ հավատալիքը», — ասաց նա։

Հիշեցնենք, որ մրցույթում դիտարկվում էին 320 հազար լուսանկարներ աշխարհի ավելի քան 200 երկրից։ Մրցույթի արդյունքները հայտնի են դարձել ապրիլի 20-ին, մրցանակային աշխատանքների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում։ Անուշը խոստովանեց, որ պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնելն անակնկալ է եղել և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։

Հայուհին հայտնվել է Sony World Photography Awards 2018-ի հավանական հաղթողների ցուցակում

«Դժվար է ասել, թե հենց ինչն է դուր եկել ժյուրիի անդամներին։ Դա կարող է լինել երեխաների դեմքի խոր և ինտելիգենտ արտահայտությունը։ Ես չեմ կարող դատել, յուրաքանչյուրն իր համար ինչ-որ նոր բան է գտնում այդ շարքում», — ասաց լուսանկարիչը։

Անուշը հավելեց, որ շատ է աշխատում հայրենիքում և Արցախում, իսկ նրա վերջին նախագծերից մեկը նվիրված է պատերազմի պատճառով Հայաստան և Արցախ տեղափոխված սիրիահայերին։

Sony World Photography Awards մրցանակաբաշխությունը մի քանի բաժնից է բաղկացած` Professional, Open, National Awards, Youth, Student Focus։