Լապշինը` երևանյան դեպքերի մասին. «Մարդիկ ուզում են մի բան փոխել, բայց սա մայդան չէ»

Ալեքսանդր Լապշինը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, որը Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց ցույց էր անցկացրել, երբ բլոգերին ձերբակալել էին Մինսկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Մարդիկ ուզում են, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, սակայն սա մայդան չէ։ Այս մասին այսօր Երևանում ասաց հայտնի բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։

«Սա մայդան չէ, ես այդպիսի դաժանություն, բռնություն չտեսա, թեև գիտեմ, որ տուժածներ կան։ Տեսնում եմ, որ մարդին ուզում են որևէ բան փոխել։ Սա չի նշանակում, որ ես երբևէ մեկի կողմից եմ», — ասաց Լապշինը։

Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որը նրան պաշտպանելու համար Բելառուսի դեսպանատան դիմաց ցույցեր էր անցկացնում։

«Դրա համար անձամբ շնորհակալություն եմ հայտնում նրան», — նշեց Լապշինը։

Ի՞նչ են անում ցուցարարները Երևանում և մարզերում. օր 5-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

ՄԻԵԴ–ում կպատմեմ ` ինչպես են մորս ծննդյան օրը Բաքվում հարձակվել ինձ վրա. բլոգեր Լապշին

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։