Ադրբեջանի զորավարժությունը սուր ճոճե՞լ է, թե՞ պլանային միջոցառում

Արցախյան հակամարտության թեմայով բանակցությունների ակտիվացման սպասումների ֆոնին Ադրբեջանը հրթիռային և հրետանային զորքերի մարտավարական զորավարժություններ է անցկացնում։
Sputnik

Աշոտ Սաֆարյան, Sputnik

Ադրբեջանի իշխանությունը պարբերաբար սպառնում է Հայաստանին պատերազմով և իր ժողովրդին խոստանում վերադարձնել «պատմական հողերը»` նկատի ունենալով Հայաստանի տարածքը։ Այդ ոգով հերթական հայտարարությունն օրերս արել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Դոմինոյի էֆեկտ. կարո՞ղ է արդյոք Սիրիայում դիմակայությունը թեժացնել իրավիճակը Արցախում

Զինված ուժերը փորձում են հետ չմնալ իշխանությունից։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով ՊՆ-ին, 2018թ-ի մարտական նախապատրաստության ծրագրի շրջանակում ուսումնական տարբեր կենտրոններում անցկացվել են ադրբեջանական բանակի հրթիռային և հրետանային զորքերի մարտավարական զորավարժություններ։

Ստորաբաժանումների մարտական հմտությունների կատարելագործման նպատակով անցկացված զորավարժությունների ընթացքում մարտական կրակոցներ են իրականացվել։ Նշվում է, որ անձնակազմը հաջողությամբ կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները։

Sputnik Արմենիան ավելի վաղ զրուցել էր փորձագետների հետ, որոնք նշել են, թե Սիրիայում Ռուսաստանի և Արևմուտքի հակազդեցությունը կարող է սրել արցախա-ադրբեջանական շփման գոտու իրավիճակը։ Փորձը ցույց է տալիս, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ցնցումներն անխուսափելիորեն անդրադառնում են Արցախի վրա։ Մասնավորապես, այդպես եղավ 2016թ-ի ապրիլին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա` ստանալով Թուրքիայի ակտիվ աջակցությունը։ Այդ ժամանակ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները սուր ճգնաժամի մեջ էին։

Ալիևյան սպառնալիքներ թուրքական հովանոցի տակ. Արցախում պատերազմը կվերսկսվի՞

Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում ընտրությունների և իշխանության ձևափոխման գործընթացն ավարտվել է։ Ապշերոնում նախագահը պահպանել է իր իշխանությունը վերընտրվելու ճանապարհով, Հայաստանի նախկին նախագահը վարչապետ է ընտրվել։

Սպասվում է, որ առաջիկա ամիսներին կակտիվանան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Արդեն ստեղծված ոչ բարի ավանդույթի համաձայն` բանակցությունները կարող են ուղեկցվել տարբեր սադրանքներով և հրադադարի խախտումներով։ Այդ առումով չնայած «պլանային» բնույթին` վերոհիշյալ հրթիռային և հրետանային հրաձգությունները կարող են դառնալ գալիք մարտերի նախագուշակ ինչպես խրամատներում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ։