Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ծավալված իրադարձությունները

Մոսկվան կարծում է, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Մոսկվան վստահ է, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանում ընթացող ցույցերը։

«Մենք վստահ ենք, որ բարեկամական Հայաստանում իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

«Նման իրավիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով». Արմեն Սարգսյան

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։