Մաշտոց–Թումանյան խաչմերուկի անկարգությունների գործով 2 ձերբակալված կա. տեսանյութ

Ապրիլի 17-ի անկարգությունների գործով ձերբակալությունները շարունակվում են։ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Մաշտոց-Թումանյան խաչմերուկում, ապրիլի 17-ի երեկոյան, ժամը 23-ին տեղի ունեցած անկարգությունների գործով ձերբակալվել է 2 անձ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Առաջին ձերբակալվածի մասին նախաքննական մարմինը հայտնել էր այսօր առավոտյան։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ հայտնաբերվել է անկարգությունների ևս մեկ մասնակից։

Քննչական կոմիտեն հրապարակել է factor.am կայքի նկարահանած տեսանյութը: Հենց այս կայքի խմբագրի նկատմամբ էին ջարդարարները նույն օրը բռնություն գործադրել։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաքի ավատն ու ներկաներին կոչ արեց գնալ տուն, մի խումբ երիտասարդներ Մաշտոցի-Թումանյան խաչմերուկում ջարդեցին փողոցում տեղադրված լուսացույցները, ցուցանակներն ու ճանապարհային նշանները, քարերով հարվածել էին ոստիկանության ավտոմեքենաներին, խոչընդոտել լրագրողների աշխատանքը։

Որոշ ժամանակ անց դեպքի վայր հասան ոստիկանները: Բայց, ինչպես պարզվեց, այդ պահին ոչ ոք բերման չէր ենթարկվել։