Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների ևս մեկ մասնակից է հայտնաբերվել

Ոստիկանները գտել են Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17–ի անկարգություններին մասնակցելու համար կասկածվող երկրորդ անձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 17-ի երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում անկարգությունների ևս մեկ մասնակցի։ Այս մասին հայտնում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. օր 4–րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Հայտնաբերվածը Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն է, նա կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:

Հիշեցնենք` մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ անկարգությունների մեկ մասնակից արդեն ձերբակալված է։ Նա ևս Երևանի բնակիչ է։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում մի խումբ անձինք կոտրել են ցուցանակները, լուսացույցները, ճանապարհային նշանները, քարերով ու մետաղյա իրերով հարվածել ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին, խոչընդոտել լրագրողների աշխատանքը։