Կարեն Կարապետյանի գնալով «դրայվը» կառավարությունում չի նվազել

Կառավարությունը շարունակում է աշխատել «դուխով» ու «դրայվով»։ Նախարարը վստահեցնում է, որ վարչապետի փոփոխությունից «դրայվը» գործադիրում չի նվազել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո դրայվը կառավարությունում չի պակասի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Եթե ուզում ենք երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ենք, և եթե ուզում ենք իրականացնել Սերժ Սարգսյանի նախանշած բոլոր թիրախները, մենք մեր տեմպը նվազեցնելու իրավունք չունենք»,- ասաց Կարայանը։

Հարցին, թե ինչպես է անցել նորանշանակ վարչապետի վարած առաջին նիստը, Կարայանը վստահեցրեց, որ որևէ տարբերություն չի զգացել, բայց և հավելեց. «Ամեն մարդ իր աշխատաոճն ունի»։

Կառավարության նիստի ավարտին, նախարարի փոխանցմամբ, Կարեն Կարապետյանի օրոք ավանդական դարձած «բոլորիդ լավ տրամադրություն» մաղթանքն այսօր հնչեցրել է Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է կառավարության` առաջիկայում ներկայացվելիք ծրագրին, Կարայանը նշեց, որ այն շարունակելու է արդեն նախանշված տնտեսական զարգացման կուրսը։ Իսկ նախապես հայտարարված 5 տոկոս տնտեսական աճի շեմը, հնարավոր է, նույնիսկ բարձրացվի։ Այս մասին հայտնեց Կարայանը` հիշեցնելով ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթի` տնտեսությանը վերաբերող այն հատվածը, որտեղ նա նախանշում էր գերազանցել համաշխարհային աճի ցուցանիշը։