Հայտարարություն` առանց փաստերի. նախարարը թվեր ու անուններ չունի

Հայաստանի տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներից տուժել է։ Իսկ թե որքան է տուժել, նախարարը թվեր չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցող ցույցերը բացասաբար են ազդում տնտեսության, մասնավորապես` զբոսաշրջության զարգացման վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել իրենց քաղաքացիներին Հայաստան չայցելել, քանի որ դա անվտանգ չէ», — ասաց Կարայանը:

Իսկ թե քանի երկիր և որ երկրներն են նման հայտարարություն արել կամ որքանով է արդեն տուժել մեր երկրի տնտեսությունը Փաշինյանի կազմակերպած հանրահավաքների հետևանքով, Կարայանը հրաժարվեց կոնկրետ փաստեր ու տվյալներ նշել։

Փոխարենը հայտնեց, որ հյուրանոցներից և տուրիստական կազմակերպություններից իրենք տեղեկացել են, որ զբոսաշրջիկների մի մասը հրաժարվել է գալ Հայաստան, ինչի հետևանքով իրենք արդեն որոշակի կորուստներ են ունեցել։

Կարեն Կարապետյանի գնալով «դրայվը» կառավարությունում չի նվազել

«Ինչ վերաբերում է, թե քանի տուրօպերատոր է այս պահին հրաժարվել աշխատել Հայաստանի հետ, ես թվերին չեմ տիրապետում, բայց արդեն 7-8 տուրօպերատոր ու մի քանի հյուրանոցներ մեզ դիմել են, որ այս մի քանի օրվա ընթացքում բավականաչափ զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ և հրաժարվել են իրենց ամրագրումներից»,- ասաց Կարայանը` հրաժարվելով հրապարակել նաև հյուրանոցների ու տուրիստական գործակալությունների անունները։

Նշենք, որ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ևս հայտարարել է, որ հանրահավաքների պատճառով Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կորուստներ է ունեցել։