Ե՞րբ և որտե՞ղ կկայանա կառավարության նիստը. Սերժ Սարգսյանի առաջին նիստի առեղծվածը

Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ առաջին նիստը պատված է անորոշությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է այն կայանալու` չգիտեն նույնիսկ կառավարության աշխատակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կառավարության առաջին նիստի մասին որևէ տեղեկատվություն առ այս պահը չկա։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից, նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա օրվա երկրորդ կեսին, չի բացառվում` նույնիսկ երեկոյան։ Չի բացառվում նաև, որ նիստը կայանա ոչ կառավարության շենքում։

Նման անորոշ իրավիճակ կառավարության աշխատանքում` առնվազն վերջին տասնամյակում չի եղել։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. օր 4–րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Կառավարության պաշտոնական կայքում նիստի մասին միակ հրապարակված տեղեկատվությունն այն է, որ նիստը կկայանա ապրիլի 19-ին։ Օրակարգում առկա է 20 հարց, որոնցից 1-ը` գաղտնի, 1-ը` օրակարգից հանված, 11-ը` չզեկուցվող։

Կառավարությունը որոշ փոփոխություններ է նախատեսել դեղերի գովազդին վերաբերող օրենքում, հարկային օրենսգրքում, Քննչական կոմիտեի կանոնակարգում։ Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին որոշման մեջ համայնք բառը կփոխարինվի բնակավայրով։

Որոշում կընդունվի պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ։ Մի շարք ընկերությունների կառավարությունը նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել։

Բայց, թե այս որոշումները, որտեղ, երբ ու ինչպես կկայացվեն, հայտնի կդառնա միայն ժամեր անց։

Հիշեցնենք`կառավարության գործունեության մասին օրենքում կատարված փոփոխություններով, կառավարության նիստերը լրագրողների ու հանրության համար փակվեցին։ Եթե նախկինում լրագրողները դրանց ընթացքին հետևում էին կառավարության շենքում, մամուլի սրահում տեղադրված էկրաններով, ապա վերջին 2 նիստերն այլևս չեն հեռարձակվել։ Փոխարենը, դրանց ժամը հայտնի էր ու լրագրողները հնարավորություն ունեին նիստի ավատին, կառավարության շենքի շքամուտքում հարցեր ուղղել նիստից դուրս եկող նախարարներին։

Ճեպազրույցների լինել–չլինելու հարցը ևս դեռ անհայտ է։