Քննչական կոմիտեն ներկայացրել է Թումանյան- Մաշտոց հատվածում անկարգությունների հեղինակներին

Անկարգություններին մասնակցել են 60-70 անձ։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են Զոհրաբ Վիկտորի Բաղդասարյանը, Վոլոդյա Ժիրայրի Բարսեղյանը և Ռոման Մուրադի Մուրադյանը։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գրիգոր Մնոյանը մանրամասներ է ներկայացրել քննվող գործից։ Նրա խոսքով` անկարգություններին 60-70 անձ է մասնակցել։

Մաշտոց–Թումանյան խաչմերուկի անկարգությունների գործով 2 ձերբակալված կա. տեսանյութ

«Կոտրել են ճանապարհային երթևեկության նշանները, լուսացույցները, ճանապարհային ցուցափեղկերը, ինչպես նաև տարբեր առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենաներին` պատճառելով գույքային վնաս»,- ասել է Մնոյանը:

Քննչական կոմիտեն դարձյալ վերահաստատել է այն հայտարարությունը, թե անկարգությունների մասնակիցները Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիաների մասնակիցներն են եղել։

«Նշված անձանցից մի քանիսը դեռևս 2018թ. ապրիլի 13-ից մասնակցել են պատգամավորի կողմից կազմակերպված հանրահավաքներին, երթերին, նստացույցերին, ինչպես նաև մասնակցել են փողոցների փակմանը»,- հայտարարել է Գրիգոր Մնոյանը:

Հիշեցնենք, ապրիլի 17-ի ուշ երեկոյան ԲՈղոքի հիմնական ակցիան ավարտվելուց հետո Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում մի խումբ անձինք կոտրել էին ցուցանակները, լուսացույցները, ճանապարհային նշանները, քարերով ու մետաղյա իրերով հարվածել ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին, խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ Նրանցից երեքին այսօր ձերբակալել են։