Մասիսի քաղաքապետի եղբորը ձերբակալելու համար լրագրողներից կադրեր են պահանջում

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը Փաշինյանի կազմակերպած հավաքները բոլոր դեպքերում չէ, որ խաղաղ է համարում, իսկ ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ, ըստ նրա, իրավաչափ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Երևանում վերջին օրերին անցկացվող հավաքները բոլոր դեպքերում չէ, որ խաղաղ են։ Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Երբեմն դրանք անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերում ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ ինքն իրավաչափ է համարում։

«Նման իրավիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով». Արմեն Սարգսյան

Ինչ վերաբերում է ապրիլի 17-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած անկարգություններին ու ապրիլի 16-ին Հերացու փողոցում տեղի ունեցած վիճաբանությանը, երբ Mercedes- 500 ավտոմեքենայից դուրս եկած անձինք հարվածել էին ցույցի մասնակիցներին, հետո ավտոմեքենան վարել նրանց վրա, Դավիթ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Արձագանքելով այն տեղեկություններին, որ Mercedes-ի վարորդը Մասիսի քաղաքապետի եղբայրն է եղել, իսկ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների մասնակիցը զրուցել է դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ, բայց բերման չի ենթարկվել, Հարությունյանը լրագրողներին առաջարկեց փաստեր, ապացույցներ տրամադրել։

«Եթե դուք ունեք կադրեր, որ հանցագործություն կատարողը զրուցել է ոստիկանների հետ, գուցե հենց այդ մարդն արդեն ձերբակալված է, իսկ եթե ոչ, կարող եք տրամադրել տեսագրությունը, և դա կլինի հերթական ձերբակալության հիմքը»,- ասաց նա։

Իսկ Արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող իրավախախտումներին, քանի որ դրանք, Դավիթ Հարությունյանի որակմամբ, իրենց լիազորություններից ու գործառույթներից դուրս են։

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների երկու մասնակից արդեն ձերբակալված է, Հերացու փողոցի միջադեպի մասնակիցներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել, թեև համացանցում առկա տեսագրություններում երևում են նրանց դեմքերն ու ավտոմեքենայի համարանիշը։