Google–ն ու Facebook–ը մանիպուլացնում են տեղեկույթը. կարծում են ԱՄՆ–ում և Եվրոպայում

Մարդիկ կարծում են, որ համացանցային հսկաներն ընտրողական տեղեկատվություն են ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գերմանիայի, ԱՄՆ-ի ու Իտալիայի բնակիչների մեծ մասը (68%, 60%, 60% համապատասխանաբար), Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի (57% ու 54%) բնակիչների կեսը կարծում են, որ Google, Facebook և համացանցային այլ հսկաները ընտրողական տեղեկատվություն են ներկայացնում` ելնելով ինչ-որ մեկի քաղաքական շահերից։ Հարցումն անցկացրել է Ifop ընկերությունը Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում` Sputnik տեղեկատվական գործակալության ու ռադիոկայանի համար։

Google–ն ու Facebook–ն ընտրողական տեղեկատվություն են ներկայացնո՞ւմ` ելնելով ինչ–որ մեկի քաղաքական շահերից։

Շատ քիչ է նրանց թիվը, ովքեր կարծում են, թե Google-ը, Facebook-ը և մյուս խոշոր կորպորացիաներն անաչառ տեղեկատվություն են ներկայացնում։ Այդպես են կարծում ֆրանսիացիների և գերմանացիների 11%-ը, բրիտանացիների 13%-ը, իտալացիների 15%-ը, ամերիկացիների 16%-ը։ Գերմանիայում անցկացված հարցման մասնակիցների 21%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, Իտալիայում դժվարացել են պատասխանել մասնակիցների 25%-ը, Ֆրանսիայում` 32%-ը, Մեծ Բրիտանիայում` 33%-ը։

Սմարթֆոնը կլանում է նորությունների աշխարհը, իսկ կեղծ տեղեկատվությունը վտանգավոր է. Լոսևա

Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հատկապես երիտասարդներն են կարծում, որ համացանցային հսկաներն ընտրողական տեղեկատվություն են ներկայացնում. Ֆրանսիայում այդպիսի կարծիք են հայտնել մինչև 35 տարեկանների 62%-ը, ԱՄՆ-ում` 71%-ը։ Իտալիայում ու Մեծ Բրիտանիայում հակառակ իրավիճակն է։ Ալգորիթմները քաղաքական նպատակներով օգտագործելու հարցում համոզվածների թվում ավելի մեծ է ավագ սերնդի ներկայացուցիչների թիվը։

Եվս մեկ միտում կա. համացանցային ընկերությունների մանիպուլյացիաները հավանական են համարում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ ԱՄՆ-ում ու Գերմանիայում այդպես են կարծում բարձրագույն կրթություն ունեցողների ավելի քան 70%-ը, Մեծ Բրիտանիայում ու Իտալիայում` 69% և 64% համապատասխանաբար։

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը 2018 թվականի մարտի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 5 029 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։