Ոստիկանությունը սպառնում է ցրել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը

Ոստիկանությունը հավաքը ցրելու որոշում կայացրել է դեռ ապրիլի 16-ին։ Այսօր սպառնում է կատարել որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը կոչ է անում դադարեցնել ապօրինի հավաքները` սպառնալով հակառակ դեպքում հավաքը ցրելու համաչափ գործողություններ կիրառել, որոնց պատասխանատվությունը ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

«2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը»,- նշում է ոստիկանությունը:

2018թ.-ի ապրիլի 16-ին ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկել հավաքի կազմակերպչին։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը երեկ` ապրիլի 17-ին, վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական  անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։

Նշենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց գնալ տուն և գիշերը չմնալ փողոցում։ Նա նշեց, որ «թավշյա հեղափոխություն է» սկսում և հորդորեց հատուկ կոմիտեներ ստեղծել բոլոր մարզերում։