Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկը. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաները դրական են ազդում ՀՀ միջազգային վարկի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Մայրաքաղաքում շուրջ մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաները բարձրացնում են Հայաստանի միջազգային վարկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

«Մեր քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» խմբակցության գործընկերներից ոմանց կոչերով, դուրս է եկել փողոց և իրացնում է իր իրավունքները: Դա նորմալ երևույթ է ժողովրդավարական երկրներում: Տեղի ունեցող գործողությունները, ընդդիմության մեր գործընկերների և իշխանության ներկայացուցիչների կողմից հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմանում: Քանի դեռ այս ամեն ինչը կմնա օրենքի շրջանակում, դա մեր միջազգային վարկը կբարձրացնի»,- ասաց նա։

Մինասյանն ավելացրեց, որ «օրենքի շրջանակում» արտահայտությունն օգտագործում է թե՛ ցուցարարների և թե՛ իշխանության ներկայացուցիչների` ոստիկանության մասին։

Ինչ վերաբերում է ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կիրառած ձայնային նռնակներին, Մինասյանը նշել է, որ դա ևս եղել է օրենքի սահմանում։

«Եթե նրանք գերազանցել են իրենց իրավունքները, ապա կլինեն ծառայողական քննություններ և պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Մինասյանը։

Երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Բախումներ Գյումրիում. մարդիկ հարձակվեցին ոստիկանների վրա. տեսանյութ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը երեկ` ապրիլի 17-ին, վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։

Նշենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց գնալ տուն և գիշերը չմնալ փողոցում։ Նա նշեց, որ «թավշյա հեղափոխություն է» սկսում և հորդորեց հատուկ կոմիտեներ ստեղծել բոլոր մարզերում։