Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71–րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ է

Կաննի 71–րդ կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը։ Այն կգլխավորի ավստրալիացի կինոաստղ Քեյթ Բլանշետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ֆրանսիահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը ներառվել է Կաննի 71–րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Այդ մասին հաղորդվում է փառատոնի պաշտոնական կայքում։

Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը. փակում

«Մարսելում մեծացած Ռոբեր Գեդիկյանը գրավել է քննադատների ուշադրությունը դեռ 80–ականներին։ Սակայն նրան մեծ հաջողություն է բերել «Մարիուս և Ժանետ» ֆիլմը», – ասվում է հաղորդագրությունում։

Նրանից բացի ժյուրիի կազմում ընդգրկվել են ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնևը, ամերիկյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, չինացի դերասան Չանգ Չենը, Բուրունդիից երգչուհի Հաջա Նին և ամերիկյան սցենարիստ Ավա Դյուվերնեյը։

Ժյուրին գլխավորում է հայտնի ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշետը։

Նշվում է, որ ժյուրի կազմում ներառվել են հինգ կին և չորս տղամարդ, որոնք ներկայացնում են յոթ երկրներ և հինգ մայրցամաքներ։

Այս տարի Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 8-19–ը։