Ստորգետնյա ջրերը փակել են ֆրանսիացի քարանձավագետների հետդարձի ճանապարհը

Քարանձավագիտական գիտարշավի մասնակիցները շրջափակման մեջ են հայտնվել Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի հարավ–արևելքում գտնվող քարանձավում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ութ ֆրանսիացի քարանձավագետները շրջափակման մեջ են հայտնվել ֆրանսիական Դրոմ դեպարտամենտի հարավ-արևելքում գտնվող քարանձավում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով France 3 ֆրանսիական հեռուստաընկերությանը։

«Երեքշաբթի առավոտյան ութ մարդ մեկնել են քարանձավն ուսումնասիրելու, և ստորգետնյա ջրերի պատճառով նրանք շրջափակման մեջ են հայտնվել», — նշվում է հաղորդագրության մեջ։

Քարանձավագետները պատրաստվում էին ուսումնասիրել ստորգետնյա գետով հատվող քարանձավը։ Այդ գետի ջրերը փակել են գիտնականների ճանապարհը։ Օգնության են մեկնել մասնագետները։

Դրոմ դեպարտամենտի Բուվանթ կոմունայում քարանձավների բազում համակարգեր կան, որոնց ընդհանուր երկարությունը մի քանի տասնյակ կիլոմետրի է հասնում։