ԵՊՀ ու բժշկական քոլեջ մտնելու, ոստիկաններին քաշքշելու համար քրեական գործեր են հարուցվել

Հավաքների մասնակիցների նկատմամբ ևս երեք քրեական գործ է հարուցվել` ԵՊՀ, Բժշկական քոլեջ մտնելու և ոստիկաններին քաշքշելու ու բռնություն կիրառելու փաստերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոր քրեական գործեր է հարուցել «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպած հավաքների մասնակիցների նկատմամբ։

Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Ինչպես հայտնում է հատուկ քննչական ծառայությունը, քրեական գործերից մեկի նյութերով 2018թ. ապրիլի 13-ին հավաքի մասնակիցները վնասելով Երևանի պետական համալսարանի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Ապա, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Մեկ այլ քրեական գործի նյութերով`2018թ. ապրիլի 16-ին, ժամը 11:10-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցները, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող Երևանի բժշկական քոլեջի մուտքի դուռը, ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը:

Երրորդ քրեական գործի նյութերով էլ` 2018թ. ապրիլի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում, հավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի ՀՀ ԱԺ վարչական շենք, որի ընթացքում քաշքշելու, հրելու և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Հավաքի կազմակերպիչների և անօրինական գործողությունների հետևանքով խախտվել է հասարակական կարգն ու վտանգվել հասարակության անվտանգությունը:

Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործերում ներգրավված անձանց մասին տեղեկություններ չեն նշվում։