ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը վերականգնվել է, ոստիկանական ուժերը հեռացել են Բաղրամյան պողոտայից։
Բաց է նաև Ֆրանսիայի հրապարակը, որտեղ վրաններ էին տեղադրել «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները։ Երեկ երեկոյան ոստիկանությունը երթևեկելի հատվածն ազատել է արհեստական բարիկադներից և վրաններից։
Բաղրամյանից դուրս են բերել նաև ջրցան մեքենաներն ու հատուկ տեխնիկան։
Նշենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց գնալ տուն և գիշերը չմնալ փողոցում։ Նա նշեց, որ «թավշյա հեղափոխություն է» սկսում և հորդորեց հատուկ կոմիտեներ ստեղծել բոլոր մարզերում։
Ապրիլի 17-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաքի ավարտն ու ներկաներին կոչ արեց գնալ տուն, հանգտանալ ու վաղն առավոտյան ժամը 10:00-in վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրենց քայլերթը: Հասնելով Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ՝ նրանք ջարդուխուրդ արեցին այդ հատվածում տեղադրված լուսացույցներն ու ցուցանակները՝ անցորդներին կոչ անելով միանալ իրենց անհնազանդության ակցիաներին: