Երևանի լուսացույցներն ու պետական գույքը փչացնողներին փնտրում են քննիչները

Մաշտոցի –Թումանյան խաչմերուկում անկարգությունների մասնակիցներին 3-8 տարվա ազատազրկում է սպառնում։ Հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել երեկ երեկոյան, 23։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների փաստով։

Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության նշվում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մի խումբ մասնակիցներ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:

Նախաքննական մարմինը ճշտում է անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը` զննության ենթարկելով դեպքի վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեսանյութերը։

Նույն քրեական գործի մասին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝ կոտրել են խաչմերուկի տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները, և ճանապարհային նշանները»։ Ըստ դատախազության` առկա են նաև իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր։

Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում ցուցարարները ջարդել են լուսացույցները. կան տուժածներ

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ հատկանիշներով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը, դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Այս արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է երեքից ութ տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ոստիկանությունը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկից բերման էր ենթարկել մի խում երիտասարդների։