ՀՀ վարչապետն արդեն պաշտոնական եռալեզու կայք ունի

Կայքը գործում է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն ու անգլերեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այսուհետ կգործի ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ www.primeminister.am հասցեով: Կայքում արդեն տեղադրված են վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթները Ազգային ժողովում այդ պաշտոնում նշանակվելուց առաջ և հետո, նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձները և տեղեկություններ հանդիպումների մասին։

Կայքը բաղկացած է «Վարչապետ», «Աշխատակազմ», «Փաստաթղթեր», «Լրատվություն», «Կառավարություն» և «Հայաստան» բաժիններից և գործում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն:

Այսօր Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: