Ոստիկանությունը փնտրում է մեքենաներին վնաս հասցրած, դողերը միտումնավոր ծակած ցուցարարներին

Վազգեն Սարգսյան փողոցում ցուցարարները կտրող-ծակող գործիքներով վնասել են քաղաքացիների և հանրային ծառայողների՝ տվյալ փողոցում կայանված ավտոմեքենաների անվադողերը, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ ապրիլի 17-ին, ժամը 13:00-ին Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են քաղաքացիների և հանրային ծառայողների՝ տվյալ փողոցում կայանված ավտոմեքենաների անվադողերը, վնասել նաև ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշերը:

Ըստ ոստիկանության՝ նշված փաստը ակնհայտորեն վկայում է, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է և ընթանում է առանց բռնության և այլ իրավախախտումների: Ավելին, ձեռք բերված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ այդ գործողությունները կատարվում են հավաքի կազմակերպիչների աչքի առաջ:

«Եթե հավաքի կազմակերպիչների նշված հավաստիացումներն անկեղծ են, ապա նման իրավիճակը հստակ իրավական կարգավորում ունի և հավաքի կազմակերպիչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են դրա խաղաղ և բնականոն ընթացքը: Մինչդեռ Ոստիկանությունը կազմակերպչից որևէ նման դիմում չի ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: