ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կին Բարբարային ամերիկացի լրագրողների թեթև ձեռքով պատահաբար այն աշխարհ են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է The Miami Herald օնլայն թերթը։
Ավելի վաղ CBS News-ը հրապարակել է նախկին առաջին տիկնոջ մահախոսականը՝ «չհրապարակել» նշումով, սակայն որոշ ժամանակ անց հոդվածը կայքից հեռացվել է։
«Տխուր պատմության առաջին տողերում ասվում էր, որ Բարբարա Բուշը մահացել է վերջերս հոսպիտալացվելուց հետո։ Նա 92 տարեկան է եղել, Բուշ ընտանիքի ներկայացուցիչը հաղորդել է, որ նախկին առաջին տիկինը մահացել է իր տանը, հարազատների շրջապատում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ Բուշը հոսպիտալացվել է 2017թ-ի հունվարին` բրոնխիտը բուժելու համար։ Անցած տարի նրան բուժել են վահանաձև գեղձի հիվանդությունից, որը հայտնի է որպես Գրեյվսի հիվանդություն։