Վաղը փողոցները կփակվեն ավելի լայն մասշտաբով. Փաշինյանի հայտարարությունը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց վաղն ավելի լայնամասշտաբ ակցիաներ սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Վաղը` ապրիլի 17-ին, ժամը 12։00-ին ԱԺ-ի նիստ է նախատեսվում, որի ընթացքում խորհրդարանը քվեարկելու է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը։ Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին այս մասին հիշեցրեց ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

«Մենք վաղը «Փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով և բլոկադայի ենթարկենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։ Մեզ անհրաժեշտ է, որ վաղը ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց»,- հայտարարեց նա։

Թվարկելով վաղն առավոտից փակվող փողոցները` Փաշինյանը մասնավորապես նշեց` Բաղրամյան, Դեմիրճյան, Լեոյի, Սարյան, Պռոշյան, Հալաբյանից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածները։

«Մենք նախատեսում էինք այսօրվանից ակցիաները սկսել, բայց նման կարծիք հնչեց, որ գիշերը մարդիկ չեն մնա և թույլ կլինի ակցիան»,- հայտարարեց Փաշինյանը։

Ի վերջո, համընդհանուր քննարկման արդյունքում որոշվեց «Փակիր փողոցը» ակցիան սկսել այսօրվանից ու շարունակել վաղն առավոտյան։ Փաշինյանը կոչ արեց նաև շարունակել դասադուլն ու գործադուլը, նույն ակցիաներն իրականացնել նաև մարզային բնակավայրերում ու միջպետական ավտոճանապարհներին։