Լոռեցի հնարամիտը նպաստներ նշանակելու ու «չկտրելու» դիմաց կաշառք է պահանջել

Վանաձորում կալանավորվել է կաշառքի համար մեղադրվող սոցիալական աջակցության գրասենյակի աշխատակիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կալանավորվել է սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետը։ Նա մեղադրվում է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար քաղաքացիներից կաշառք պահանջելու և ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցը Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի տարբեր բնակիչներից անօրինական գումարներ է ստացել` նրանք ընտանիքի կազմի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու և ընտանեկան նպաստներ նշանակելու համար։ Իսկ հետագա տարիներին գումարներ է պահանջել նպաստների վճարումը չդադարեցնելու դիմաց։

Քննությամբ բացահայտված չարաշահումները վերաբերում են 2006-2018 թվականներին։

Սոցիալական աջակցության համակարգի աշխատակիցը կալանավորված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։